Հայաստան այցելել նշանակում է մոտենալ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկի արմատներին և բացահայտել այդ քաղաքակրթությունը կերտած ժողովրդի պատմական ու մշակութային ժառանգության գաղտնիքները:

Հազարամյակների ընթաքում հայերի կամքի, ուժի և տոկունության շնորհիվ երկիրը ծաղկել և շարունակում է ծաղկել:

Այսօր էլ Երևանի փողոցներով զբոսնելիս կարելի է տեսնել վարդագույն տուֆից կառուցված թամանյանական ոճի շինություններ` նախշազարդ կամարներով և պատուհաններով: Իսկ ամառային երեկոներին կարելի է զբոսնել Հանրապետության հրապարակում, և լսել «երգող շատրվաններին»։

Օտարները հայերի մասին.

«Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում և Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս լինելով Օսմանյան Թուրքիայի առանջնաշնորհյալ դաշնակիցը՝ ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար».- Ա. Էյնշտեյն

«Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ Արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցայլի խորհրդավոր նշույլի շողարձակումը:

«Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը».- Վ. Հյուգո

«Հայ ժողովրդի պատմությունը դա համընդհանուր փորձ է: Կենդանի մնալու փորձ».- Ֆ. Նանսեն

«Երկրագնդի երեսին չկա այլ երկիր, որն այսքան հագեցած լինի հրաշքներով, ինչպես հայերի երկիրն է».- Ջ. Բայրոն

«Հայաստանը` ողջ մարդկության հոգևոր կյանքի կենտրոններից մեկն է: Այն արժանի է նույնքան ուշադրության, որքան և մյուս հիասքանչ ժողովուրդների պատմությունը, որոնք իրենց ուրույն ներդրումն են ունեցել մարդկության մշակույթում».- Վ. Բրյուսով:

Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում: Այն սահմանակից է հյուսիսից` Վրաստանի, հարավից` Իրանի, արևմուտքից՝ Թուրքիայի, հարավ-արևելքից` Լեռնային Ղարաբաղի և արևելքից՝ Ադրբեջանի հանրապետությունների հետ: Այժմյան Հայաստանը զբաղեցնում է Պատմական Հայաստանի հյուսիս-արևելյան մասը` 29743 ք.կմ. տարածքով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը մոտ 11500 ք.կմ. է։

Հայաստանի բնակչությունը մոտ 3.000.000 է, որից մոտավորապես 1 մլն ապրում է մայրաքաղաք Երևանում: Երկիրը բաժանված է տասը մարզերի: Խոշոր քաղաքներին են Երևանը, Գյումրին, Վանաձորը, Գորիսը, Արտաշատը, Արմավիրը, Էջմիածինը, իսկ հայտնի կուրորտային քաղաքներից են Ծաղկաձորը, Դիլիջանը, Ջերմուկը, Արզնին։

Ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է 1,800 մետր: Ամենաբարձր լեռնագագաթը՝ Արագած լեռն է (4,090 մետր):


Հայաստանի Հանրապետություն (Հայաստան) / Republic of Armenia (Armenia)

Երևան

Հայաստանի մայրաքաղաք՝ Երևանը, երկրի ամենամեծ և զարգացող քաղաքներից է։ Այն իսկական մշակութային գանձարան է: Այստեղ են գտնվում քառասունից ավելի թանգարաններ, կանաչապատ գեղեցիկ այգիներ և բազմաթիվ հուշարձաններ: Այժմյան քաղաքի տարածքում է գտնվում հնագույն Էրեբունի ամրոցը, կառուցված ուրարտական թագավորության արքա Արգիշտի Առաջինի կողմից մ.թ.ա. 782, որն էլ համարվում է հայոց մայրաքաղաքի հիմնադրման տարեթիվը:  Շուտով այն կտոնի իր երրորդ հազարամյակը:

1440 թվականից Երևանը Հայաստանի վարչաքաղաքական, առևտրական և արհեստագործական կենտրոնն է:

1918 թվականի մայիսի 28-ին ծնվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Ավելի քան 400 տարի վարչաքաղաքական կենտրոնի պատմություն ունեցող Երևանը դառնում է նորանկախ հանրապետության մայրաքաղաքը: Երևան են տեղափոխվում վարչաքաղաքական մարմինները, բացվում են հյուպատոսարաններ։ Երևան բնակություն են հաստատում հարյուրավոր հայեր՝ ոչ միայն Արևելյան, այլև Արևմտյան Հայաստանից:

1924 թվականից մայրաքաղաք Երևանում Ա. Թամանյանի հատակագծի հիման վրա սկսեցին կառուցվել նոր ու գեղեցիկ շինություններ, ինչպիսին են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը, Կասկադը, Հանրապետության հրապարակը։

Երևանը գտնվում է ծովի մակարդակից 850-ից մինչև 1300 մետր բարձրության վրա՝ Արաքսի վտակ Հրազդանի ափին: Երևանի կլիմային բնորոշ են տաք, չոր ամառներ և համեմատաբար կարճ, բայց ցուրտ ձմեռներ։

Քաղաքն ունի ամֆիթատրոնի տեսք. ներքևում քաղաքի կենտրոնն է, իսկ թաղամասերը բարձրանում են լանջերն ի վեր։ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչությունը կազմում է ավելի քան 1,068,000 մարդ:


Հայաստանի անկախության հանրաքվեն անց է կացվել 21.09.1991թ.: Հանրաքվեի արդյունքների հիման վրա /99 տոկոս կողմ/ Հանրապետության խորհրդարանը Հայաստանի Հանրապետությունը հռչակել է անկախ պետություն: Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն:

Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։

412px-coat_of_arms_of_armenia-svg

Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։

Զինանշանի հեղինակներն են ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:


«Մեր հայրենիք»-ը Հայաստանի ազգային օրհներգն է: Ընդունվել է Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920թթ./ օրհներգը:
Տեքստի հեղինակն է Միքայել Նալբանդյանը /1829-1866 թթ./:

Տեքստը

Մեր հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։

Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։

Նայիր նրան՝ երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի։

Նախագահը՝ պետության գլուխն է: Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով:

ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից: Նախագահը, ԱԺ-ում պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա, վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին:

ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային ժողովն է: Ազգային Ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից (41-ն ընտրվել են մեծամասնական, իսկ 90-ը՝ համամասնական կարգով): Ազգային Ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով: Խորհրդարանական վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2012թ. մայիսին:

2015 թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում երկիրը նախագահական կառավարման համակարգից անցում է կատարել խորհրդարանականի, որն ամբողջությամբ կկիրառվի 2018 թվականից։

Հայ եկեղեցին կոչվում է Առաքելական: Եկեղեցու հիմնադիրներ են համարվում Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, ովքեր առաջինն են քարոզել քրիստոնեությունը Հայաստանում և նահատակվել այստեղ, ուստի եկեղեցին ի պատիվ Հիսուսի առաքյալների կոչվում է Առաքելական: 301 թվականին հայերը առաջինն են ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, ինչի մասին են վկայում վաղ և ուշ միջնադարյան վանքային համալիրներն ու եկեղեցիները: Քրիստոնեության ընդունումից անմիջապես հետո հայերը ձեռնամուխ են եղել երկրում բազմաթիվ վանքեր կառուցելու: Հին եկեղեցիներից են Էջմիածնի մայր տաճարը (303 թ.), Երերույքի եկեղեցին (5-րդ դար), Սբ. Հռիփսիմեի տաճարը (7-րդ դար) և շատ ուրիշներ:

Պետական լեզուն հայերենն է: Տեղի բնակչության մեծամասնությունը տիրապետում է նաև ռուսերենի, որոշ մասն էլ, հիմնականում երիտասարդների շրջանում, տիրապետում է անգլերենի: Քաղաքում ցուցատախտակների վրա անվանումները գրված են լինում նաև լատինատառ, ինչն ավելի է հեշտացնում քաղաքով ինքնուրույն շրջելը:

Հայոց մշակույթի արմատները

Հայոց մշակույթի արմատները գալիս են հին ակունքներից, ինչը խոսում է հին ու բարձր մշակութային զարգացման մասին: Հայերի մասին գրել են անգամ հույն պատմիչներ՝ Պլուտարքոսը, Քսենոֆոնն ու Ստրաբոնը: Մեր թվարկությունից առաջ 9-րդ դարից սկսած զարգանում էր հայկական հզորագույն Վանի թագավորությունը: Հնագիտական պեղումների ժամանակ բացահայտվեցին շատ գաղտնիքներ, ինչի շնորհիվ պատկերացում կազմվեց այս հզորագույն թագավորության մշակույթի մասին: Օրինակ հայկական զարդարվեստի մասին կարելի է դատել դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում կանգնեցված Թեյշեբաինի, Էրեբունու բերդ-ամրոցների պալատական և պաշտամունքային սյունազարդ դահլիճներից, որոնց պատերը զարդարված էին գունավոր որմնանկարներով: Որմնանկարներում պատկերվել են արքաներ, հին աստվածներ, որսի և այլ տեսարաններ: Վանի թագավորությունում զարգացած էր նաև ճարտարապետությունը, արհեստագործությունն ու մետաղագործությունը: Այս մասին են փաստում հայտնաբերված արձանագրությունները, որոնցում պատմվում է այս կամ այն պալատական կառույցի շինարարության մասին: Ամրոցներում հայտնաբերվել են նաև պաշտամունքի և հիշատակի արձանիկներ, թագավորական վահաններ, նիզակներ, սաղավարտներ: Հետաքրքրականն այն է, որ հայտնաբերված վահաններն ու սաղավարտներն ունեցել են բարձրաճաշակ զարդանախշեր, այլաբանորեն պատկերված տեսարաններ:

Հելլենիզմ

Հելլենիստական ժամանակաշրջանում հայկական մշակույթը նոր փուլ է թևակոխում: Այս ժամանակաշրջանի ճարտարապետական կոթող է Գառնու հեթանոսական տաճարը: Տաճարների և պալատների զարդարանքները ևս Հին Հայաստանի քանդակագործության և արվեստի բարձր մակարդակի մասին են խոսում:

Հայոց գրերի գյուտը

Հայ մշակույթի ամենամեծ նվաճումներից է եղել հայոց գրերի գյուտը մեծն Մեսրոպ Մաշտոցի կողմից: Մաշտոցը 405 թվականին ստեղծեց 36 տառ, որոնց շնորհիվ հազարավոր վկայություններ են գրվել հայերենով և հայ մշակույթը տարածել ողջ աշխարհով: Գրերի գյուտից հետո է հայ պատմահայր Մովսես Խորենացին գրի առել հայոց պատմությունը, որտեղ գրում է, որ հայերի և Հայաստանի անունը ծագել է դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Հայկ դյուցազնի անունից:

Խորենացին նաև բացատրում է Արմենիա բառի ստուգաբանությունը: Ըստ «Հայոց պատմություն» աշխատության երկիրը կոչվել է Հայկազյան Արմենակ նահապետի անունով, որը Հայկ Նահապետի որդին էր:

Մեզ հասած մատյան ձեռագրերի մեջ կան նաև փիլիսոփայության, մաթեմատիկայի, աշխարհագրության, բժշկության և նույնիսկ դեղագիտության մասին գրքեր, ինչը ևս վկայում է մշակույթի և գիտության բարձր զարգացվածության մասին:

Երաժշտություն

Հայ ժողովրդի դարավոր երաժշտական մշակույթի մասին տեղեկություններ մեզ փոխանցել են պատմահայրեր Խորենացին, Փավստոս Բյուզանդը և Ղազար Փարպեցին: Վերջինս նշում է, որ հայերը 5-րդ դարում նոտաների փոխարեն գործածում էին հայոց այբուբենը: Այսօր մեզ են հասել բազմաթիվ գուսանական, շարական, աշուղական, ժողովրդական և դասական երգեր: Ամենամեծ ավանդը հայ երաժշտության մեջ ունեցել են Սայաթ Նովան, աշուղներ Ջիվանին, Շերամը, Կոմիտասը և ալյք: Դե իսկ հայկական երաժշտական գործիքներից են դհոլը, քամանչան, թառը, քամանին, դուդուկը: Սրանցից աշխարհահռչակը դուդուկն է՝ պատրաստված ծիրանենու փայտից: Այս գործիքը հնչեցնում է քաղցրաձայն ու կախարդական երաժշտություն: Եվ ինչպես մի առիթով ասել է հայտնի հայ գրող Վիլիամ Սարոյանը` «Դուդուկ նվագելը աղոթք է, սա խաղ չէ»:

Ընդհանուր առմամբ Հայաստանը և հայոց մշակույթը շատ է տուժել օտար զավթիչների նվաճումներից: Հատկապես հայոց մշակույթի համար ծանր էր արաբների, սելջուկների, մոնղոլների և թուրքերի արշավանքների ժամանակաշրջանը, երբ քանդվեցին բազում քաղաքներ և գյուղեր, թալանվեցին բազմաթիվ ամրոցներ ու եկեղեցիներ:

Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ «Հայաստան» անունը կապվում է Հայկ նահապետի անվան հետ, ով հայոց երկրի հիմնադիրն է։ Հայկական լեռնաշխարհը հնագույն մարդու նախնական բնակեցման տարածաշրջաններից մեկն է։ Այստեղ կան քարի դարի բոլոր փուլերին, ինչպես նաև պղնձի-քարի, բրոնզի և երկաթի դարերին վերաբերող հուշարձաններ։

Պատմական Հայաստանի տարածքում առաջացած ամենաառաջին պետությունը, որն ընդգրկեց Հայկական լեռնաշխարհի մեծ մասը, Վանի թագավորւթյունն էր: Մայրաքաղաքն էր Վանը (Տուշպա, Տոսպ)։ Գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-6-րդ դարերում։

Հայաստանն  իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան Մեծի օրոք (մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55)։ Տիգրան Մեծի հսկայական թագավորությունը զբաղեցնում էր Առաջավոր Ասիայի հիմնական մասը: Մ.թ.ա. 83 թվականին, Տիգրան Մեծը գրավելով մոտեցավ Պաղեստինի սահմաններին։ Այդ ժամանակաշրջանի պետությունը ավանդաբար կոչվում է «Ծովից ծով Հայաստան»:

Հռոմեացի պատմիչ Ապպիանոսի խոսքով՝ Տիգրանը ստացավ «Արքայից Արքա» տիտղոսը։

Մեկ այլ կարևոր իրադարձություն է 405 թվականին հայերենի այբուբենի ստեղծումը Մեսրոպ Մաշտոցի կողմից: Գրերի գյուտը և նոր դպրոցների բացումը մեծ օժանդակություն է ստանում հայոց արքայի և ժամանակի կաթողիկոս Սահակ Պարթևի կողմից։ Երկրով մեկ  բացվում են հայկական դպրոցներ։ V դարը դառնում է հայ մշակույթի պատմության «Ոսկե դար»:

Հայերի համար ցավալի ժամանակաշրջան է եղել 19-րդ դարի վերջն ու 20-րդ դարի սկիզբը` Հայոց ցեղասպանության շրջանը, երբ արևմտահայերը բռնագաղթվեցին ու կոտորվեցին: Այդ կոտորածները կազմակերպեցին և իրագործեցին Օսմանյան կայսրությունում նոր իշխանության եկած երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտի հասցվեցին քեմալական կառավարության կողմից: Ծրագրավորված ցեղասպանությունը իրագործվեց մի քանի փուլով: Թուրքերի վայրագ գործողությունների արդյունքում սպանվեցին 1.5 մլն հայեր: Ցեղասպանությունը չէր կարող իր հետքը չթողնել մշակույթի վրա: Արևմտյան Հայաստանում կանգուն էր 2000-ից ավելի եկեղեցիներ, որոնցից շատերը ցեղասպանության ժամանակահատվածում թալանվեցին, այրվեցին ու քանդվեցին:

Երկար տարիների պայքարի արդյունքում 1918 թվականին, Թուրքիայի դեմ մղած հաղթական ճակատամարտից հետո, Հայաստանը վերականգնեց անկախությունը, որը, սակայն, երկար չտևեց: 1920-ին Հայաստանը խորհրդայնացվեց:

1991 թվականից Հայաստանը կրկին անկախություն ձեռք բերեց: Երկիրն այսօր էլ, հակառակ բազում դժվարությունների, շարունակում է զարգանալ և բարգավաճել:

Ժողովրդական ասացվածքն ասում է «Հյուրն Աստծունն է»: Հայերը ջանք ու հնարք չեն խնայել խոհարարական հմտությունների մեջ: Գինին, միսը և լավաշը անպակաս են եղել հայերի սեղանից:  Պեղումների ժամանակ Արենի գյուղի քարանձավներից մեկում հայտնաբերել են գինու 6000 տարվա հնության մառաններ: Ինչ վերաբերում է լավաշին, ապա այն պատրաստելու համար պահանջվում է իսկական հմտություն: Հայկական խոհանոցում հատուկ տեղ ունի նաև ձկնեղենը. իշխանից, սիգից պատրաստված ճաշատեսակները: Հայտնի հայկական ուտեստներ են Դոլման, Խաշլաման, Ղափաման, Քյուֆթան, Բորանին, Կոլոլակը, Պանրխաշը, Ավելուկը և այլն:

ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների մասին տեղեկություն ձեռք բերելու համար այցելել հետևյալ հղումով.

http://www.embassy.am/am/

1. Ծննդյան տոներ և Ամանոր՝ նշվում են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը. ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն):

2. Բանակի օր՝ նշվում է հունվարի 28-ին:

3. Կանանց տոն՝ նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:

4. Մայրության, գեղեցկության և սիրո տոն՝ նշվում է ապրիլի 7-ին:

5. Ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:

6. Աշխատանքի օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:

7. Երկրապահի օր՝ նշվում է մայիսի 8-ին:

8. Հաղթանակի եւ խաղաղության տոն՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:

9. Հանրապետության տոն՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:

10. Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին:

11. Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր:

12. Գիտելիքի, գրի և դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:

13. Անկախության տոն՝ նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր:

14. Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

15. Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:

16. Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր՝ նշվում է Սուրբ Զատիկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը: